Սեպտեմբերին սպառողական գների ինդեքսը դեկտեմբերի նկատմամբ  կազմել է 99.2 տոկոս։ Այսպիսին են պաշտոնական տվյալները։ Այսինքն՝ գները միջինում մնացել են գրեթե նախկին մակարդակում՝ լրիվ խորհրդանշական  0.8 տոկոս դեֆլացիայով։ Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ բողոքում թանկացումներից։

Օգոստոսին հուլիսի համեմատ պարենային ապրանքները (առանց ալկոհոլի եւ ծխախոտային ապրանքների) թանկացել է 1.7 տոկոսով։ Իսկ սեպտեմբերին օգոստոսի համեմատ թանկացել է 1.2 տոկոսով։ Երկու ամիսների արդյունքում ինֆլյացիան կազմել է գրեթե 3 տոկոս, որը կարելի է շատ թե քիչ ընդունելի մակարդակ համարել։ Սակայն, պաշտոնական տվյալներում թվեր են ներկայացվում (ասենք բանջարեղենի), որոնք առնվազն զարմանք են հարուցում։

Սակայն նշենք, որ տվյալ թանկացումը տեղի է ունեցել բնակչության դրամական եկամուտների ամբողջության ստագնացիայի ֆոնին։ Կենսաթշակների բազային  դրույքաչափերը չեն փոխվել, նոմինալ միջին ամսական աշխատավարձը, նույնիսկ պաշտոնական տվյալներով, սեպտեմբերին ավելացել է 3.7 տոկոսով։ Շատ շարքային աշխատողներ կասկածում են այս թվերի հարցում, քանի որ նրանց անձնական աշխատավարձը ինչպես կար, այնպես էլ մնացել է նախկին մակարդակում։ Օգոստոսին, օրինակ, ավելի հասկանալի թվեր էին՝ տարեկան գնաճը գերազանցել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճը՝ 3.3 տոկոս 2.8 տոկոսի դիմաց։ Արդյունքում իրական աշխատավարձը նվազել էր 0.5 տոկոսով։

Բնակչության մի հատվածի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը ՌԴ–ից դրամական փոխանցումներն են, որը դոլարի նկատմամբ ռուբլու հերթական թուլացման պատճառով, նույնպես նվազել է։ Այսպես, օգոստոսին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները ՌԴ–ից տարեկան կտրվածքով կրճատվել են 16.7 մլն դոլարով (կամ 14 տոկոսով)։

Եթե ուղարկողները փոխանակում են ռուբլու, ապա դրամի փոխանակման ժամանակ ստացվում է այն նույն վնասը, ինչ դոլարի փոխանակման դեպքում։ Չէ՞ որ արժույթների կրոս փոխարժեքը, այս դեպքում ռուսական ռուբլու եւ ԱՄՆ դոլարի, հստակորեն կրկնում են Ռուսաստանում իրավիճակը։

Զարմանալի է այն, որ բնակչության եկամուտների այսպիսի անբարենպաստ պատկերի պայմաններում սննդամթերքների մեկը կտրուկ թանկացավ։ Այսպես, հանրապետությունում տավարի մսի միջին մանրածախ գինը սեպտեմբերին աճել է դեկտեմբերի նկատմամբ 13.6 տոկոսով։ Ընդ որում, Երեւանում 17.7 տոկսով։

Նկատենք, որ ի տարբերություն խոզի մսի տավարի մսի ռեսուրսները փաստացի ամբողջությամբ ձեւավորվում են տեղական աղբյուրների հաշվին։ Մինչդեռ, հայրենական անասնաբուժության ոլորտում բացասական միտումներ են նկատվում։ Այսպես, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նկատելիորեն կրճատվել է։ Հարցն այն  է, որ  անասնաբուժության քրոնիկ խնդիրներին (կենդանիների հիվանդություն, կերի հետ կապված խնդիրներ) ավելացել է խոշոր եղջերավոր անասունների արտահանումը։

Իսկ ահա բանջարեղենի գների առումով «հովվերգական» պատկեր է։ Պարզվում է, որ սեպտեմբերին բուսաբուծության արտադրանքները էժանացել են, ընդ որում՝ գրեթե մեկ երրորդով՝ 31.8 տոկոս։ Այսպիսի հրաշքի համար մի քանի պայման է անհրաժեշտ։ Գլխավորը այս արտադրանքի առաջարկի կտրուկ աճն է շուկայում։ Բանջարեղենի ռեսուրսները փաստացի ամբողջությամբ ձեւավորվում են տեղական աղբյուրների հաշվին։ Իսկ ահա այստեղ անբարենպաստ իրավիճակ էր։ Պաշտոնական տվյալներով՝ կարտոֆիլի եւ բանջարեղենի մշակաբույսերի ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ նկատելիորեն կրճատվել են։

Սպառողների ճնշող մեծամասնությունը գների մասին հուսալի տեղեկատվություն ստանում է՝ այցելելով մանրածախ առեւտրի ձեռնարկություններ, այլ ոչ թե պաշտոնական վիճակագրության  միջոցով: Առաջին հերթին սա վերաբերում է ամենօրյա օգտագործման ապրանքներին, հատկապես`սննդամթերքին, որոնց թվում են նշյալ բանջարեղենային մթերքները: