Վաղը, երբ Ընտրական օրենսգրքի նախագիծը խորհրդարան բերվի, լինելու է ուղղակի երկխոսություն, չի լինելու քննարկում, ինչպես նախկինում՝ ՀՀԿ–ի հետ լինում էր. ցանկացած օրենքի առաջարկ դիմավորվում էր սվիններով, հիմա այդպես չի լինելու այլեւս։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Քննարկման բացակայությունը նա այսպես մեկնաբանեց. «Կա գործընկերային մթնոլորտ, կառավարության կողմից կա տրամադրվածություն եւ ցանկացած առաջարկ ողջունվում է»։

Ընտրական օրենսգրքի նախագծում թերություններ նկատել է, բայց վաղ է համարում այդ մասին խոսելը, քանի որ կարծում է՝ դրանք դեռ կարող են շտկվել. «Կառավարությունը պատրաստվում է խորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ իրականացնել, քննարկել եւ մինչեւ ԱԺ մտնելը, վստահ եմ, որ կգա կոնսենսուսային տեսքի»։

Գեւորգ Գորգիսյանի համար ընդունելի եւ ողջունելի է ԱԺ անցնելու շեմի իջեցումը. Նա վստահ է, որ դա կբեր քաղաքական բազմազանության։ 

«Որոշ ազգային փոքրամասնություններ մտահոգություններ էին հայտնել իրենց մասով օրենսդրական կարգավորումներին, բայց կառավարությունը կարծես բոլորի հետ հանդիպել եւ քննարկել է, տեսնենք ինչ լուծումներ կտրվեն»,–ասաց նա։

Արդյո՞ք դեկտեմբերյան ընտրությունները սատարած՝ մեկ ու կես տասնյան ՀՀԿ–ական պատգամավորներն արդեն բարիկադի այս կողմում են՝ հարցին «Ելքի» քարտուղարը պատասխանեց, որ չէր ցանկանա բարիկադների այս կամ այն կողմի բաժանել. «Կան քաղաքական պրոցեսներ, որոնք գնում են ըստ խաղի կարոնների, ըստ ժանրում ընդունված կանոնների, նույնիսկ համաշխարհային մակարդակով եւ բարիկադների բաժանելու կարիք չկա»։

Խորհրդարանական հիմնական ընդդիմության դերին «Լույս» դաշինքը հավակնում է. Գորգիսյանի խոսքով՝ դա կլինի միակ երաշխիքը, որ խորհրդարանական մեծամասնությունը չկարողանա հովանավորել քրեաօլիգարխիկ համակարգը. «Միակ երաշխիքը, որ քաղաքական դաշտը ամբողջությամբ մաքրվի այն է, որ «Լույս» դաշինքը խորհրդարանում լինի երկրորդ ուժը եւ իր արժեքներով գործի, միակ երաշխիքը, որ հեղափոխությունը հետընթաց չի ապրի, դա է»։

Այսինքն, Էդմոն Մարուքյանը պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանի դեմ խոսել՝ հարցին, «Ելքի» քարտուղարը պատասխանեց. «Մեր դաշինքի հաջողության գրավականը եղել է այն, որ 3 ուժերով միմյանց փոխզսպել եւ փոխլրացրել ենք, եւ խորհրարանի այդպիսի մոդելը կարող է ծառայել որպես խորհրդարանի հաջողության գրավական»։

Ինչպե՞ս կարող է վարչապետի կուսկացության հետ նույն դաշինքում գտնվող ուժը հետագայում դառնալ ընդդիմություն՝ Գորգիսյանի պատասխանը հետեւյալն է. «Մենք ընդդիմությունը սխալ ենք պատկերացնում, ՀՀԿ–ի թեթեւ ձեռքով քաղաքական համակարգը խեղաթյուրվել է։ Մենք նույն գաղափարների կրողն ենք, պայքարում ենք մարդու իրավունքների, օրենքի գերակայության, հավասար հնարավորությունների համար, լիբերալ տնտեսության համար եւ այլն։ Ի վերջո, եվրոպական մոդելի պետություն ունենալու համար, որտեղ կան գործող ինստիտուտներ, անձինք չեն ամեն ինչ որոշողը։ Բայց այս ամենին հասնելու տարբեր ճանապարհներ կան եւ այդ ճանապարհներն են, որոնցով մենք տարբերվում ենք»։

Հենց «Լույսո՞վ» կգնան, թե՞ կընդլայնեն դաշինքը, դեռ հստակ չէ, բայց «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները միանշանակ միասին են գնալու։