Լոնդոնն ու Բրյուսելը հստակություն են մտցրել այն պայմաններում, որոնցով Մեծ Բրիտանիան կհեռանա Եվրամիությունից։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Գործարքի մասին համաձայնագրի ուրվագծերի մեծ մասը, որոնցում նշված են ԵՄ-ից մեր դուրս գալու պայմանները, արդեն հստակ են»,- ասել է կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ վերջին շաբաթներին Բրյուսելում կայացած քննարկումների արդյունքում «մեծ առաջընթաց» է գրանցվել։

Մեյն ընդգծել է, որ չլուծված հարցերը երկուսն են, ընդ որում՝ երկուսն էլ վերաբերում են ԵՄ անդամ Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորրության մաս հանդիսացող Հյուսիսային Իռլանդիայի սահմաններին։ Երկու կողմն էլ ուզում են սահմանները թափանցիկ թողնել մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների համար, սակայն մինչ այժմ պարզ չէ՝ ինչպես հասնել դրան, եթե Բրիտանիան նոր մաքսային ռեժիմ է սահմանում Եվրամիության հետ։ Լոնդոնը նաեւ կտրականապես դեմ է Հյուսիսային Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորության մյուս մասի համար մաքսային տարբեր ռեժիմներ ստեղծելու գաղափարին։

Երկրորդ բարդությունը, որ բխում է այս ամենից, ըստ Մեյի, տարբեր մոտեցումներն են Օլսթերի համաձայնագրի շարունակականությանը։ Լոնդոնը համարում է, որ ընդհանուր շուկայում Հյուսիսային Իռլանդիայի պահպանումը պետք է որոշակի ժամկետով լինի, ոչ թե անժամկետ, ինչպես ցանկանում է ԵՄ-ն։ «Մենք չենք ցանկանում ընկնել միասնական մաքսային գոտու մշտական որոգայթի մեջ»,- հավելել է նա։