ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնում է Հարավային Կովկաս՝ առաջին ձեռքից իմանալու իրանի հանդեպ Վաշինգտոնի քաղաքականության մասին կարծիքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

«Ինչպես ինքը՝ Բոլթոնն է նշել, այցի ընթացքում կդիտարկվեն ԱՄՆ-ի ազգային շահերի ապահովման հարցերը՝ ելնելով աշխարհագրությունից, ասյինքն՝ Թուրքիայի եւ Իրանի»,- ասաց Տարասովը։ Ընդ որում՝, փորձագետի կարծիքով՝ ամերիկացիները տարածաշրջանում կոնկրետ ծրագիր չունեն․ «Ամենայն հավանականությամբ, նա հետախուզման է գնում։ Հերթապահ արտահայտություններ կլինեն՝ հակամարտության իրավիճակի, Ղարաբաղի մասին։ Սակայն ամերիկացիները Ղարաբաղի հարցում մոդեռնիաստական մոտեցումներ չեն ցուցաբերում։ Նրանց դիրքորոշումը հայտնի է՝ Մադրիդյան սկզբունքները, ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով բանակցությունների շարունակումը»։

Ամենայն հավանականությամբ, դա հետախուզական այց է՝ Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության մասին առաջին ձեռքից կարծիքներ իմանալու համար։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան համագործակցում են սիրիական ուղղությամբ, հնարավոր է՝ փորձ է արվում հասկանալու, թե ինչպես կարելի է Բաքվին ու Երեւանին եւս ներգրավել մերձավորարեւելյան իրադարձություններում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ դժվար թե Ադրբեջանը կամ Հայաստանը գնան Իրանի հետ հարաբերությունները սրելու ուղով, հավանաբար կպահպանեն չեզոք բարեկամական դիրքորոշումը։

Պատասխանելով այն հարցին, թե ղարաբաղյան կարգավորման ինչ առաջընթացի մասին էր խոսում պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը Բաքվում, Տարասովն ասաց, որ ոչ ոք չգիտի ինչի մասին կարող է լինել խոսքը, եթե ոչ Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման մասին։ «Դա, անկասկած, կարելի է առաջընթաց համարել։ Կողմերը խոսել են կրակի դադարեցման, ուղիղ կապի ստեղծման մասին։ Սակայն Ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը նշում են, որ կրակի դադարեցման ռեժիմի խախտումները չեն դադարեցվել, իսկ ինչ վերաբերում է ուղիղ հեռախոսակապին, ապա այդ հարցն ուսումնասիրման փուլում է։ Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմին՝ գուցե լարվածությունը թուլանում է, բայց իմ կարծիքով՝ ոչ մի նոր բան տեղի չի ունենում»։