Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը վաղը կնշանակվի Սյունիքի մարզպետ։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։

Կառավարության նիստի օրակարգում ներառված է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին:

Այլ որոշումներով, կառավարությունը  Արագածոտնի մարզպետ կնշանակի Դավիթ Գևորգյանին, իսկ Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանին:

Հիշեցնենք, որ 2015թ.–ի հունիսի 23–ի լուսադեմին Երեւանի Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան ցրելիս ոստիկանության աշխատակիցները բռնություն էին կիրառել եւ բերման ենթարկել ԶԼՄ ներկայացուցիչների։ NEWS.am–ի թղթակցի ձեռքից Ազատության պողոտայում ուժով քաշել եւ տարել էին տեսախցիկը։ Դա տեղի էր ունեցել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի աչքի առջեւ, սակայն, վերջինս որեւէ կերպ չէր միջամտել։ Դեպքից շուրջ 3.5 տարի է անցել, սակայն, իրավապահներն առ այսօր քննություն են անցկացնում՝ պարզելու մեղավորին կամ մեղավորներին։