Երկուշաբթի Մեքսիկայի ռազմածովային նախարարությունը հայտնել է Խաղաղ օվկիանոսում «Տարա» արեւադարձային փոթորկի պատճառով Կոլիմա, Խալիսկո եւ Միչոական նահանգներում տարերային աղետների կանխման հատուկ ծրագրի գործողության մեջ մտնելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Marina ծրագրի կանխման փուլը նախատեսում է գործողությունների եւ մեխանիզմների լրակազմ՝ ուղղված բնակչության համար վտանգների նվազեցմանը, ինչպես նաեւ հնարավոր կամ անխուսափելի բնական երեւույթների կործանարար հարվածի հետեւանքներից խուսափելուն կամ դրանք նվազեցնելուն, որոնցից կարող են տուժել մարդկանց կյանքերը եւ գույքը, արտադրական բազան, պետական ծառայությունների հատվածը եւ շրջակա միջավայրը»,- հայտնել են գերատեսչությունից:

«Տարայի» հետեւանքով տարածաշրջանում տեղատարափ անձրեւներ են տեղում՝ ուժգին քամիներով, էլեկտրական մրրիկիներով եւ տեսանելիության սաստիկ նվազմամբ: Ավերածությունների եւ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան: