Հոկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախի պատմությանը, մշակույթին, ինչպես  նաեւ արցախցիների առօրյային։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները։ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ դրա շուրջ Արցախի դիրքորոշմանը, ինչպես նաեւ հանրապետության միջազգային ճանաչման եւ արտաքին կապերի զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։

Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախում կարեւորում են ֆրանսախոսության զարգացումը, որի նպատակն է հաղորդակից լինել ֆրանսիական մշակույթին ու լեզվին եւ մաս կազմել ֆրանկոֆոն ընտանիքի։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախում ամբողջովին կիսում են Ֆրանկոֆոնիայի գաղափարներն ու արժեքները, մասնավորապես, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սկզբունքները։

Մասիս Մայիլյանը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։

Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում հոկտեմբերի 9-12-ը կայացել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47-րդ համաժողովը։