ESET-ի մասնագետները նախազգուշացրել են բանկային վտանգավոր վիրուս DanaBot-ի մասին, որը հարձակում է գործում Եվրոպայի օգտատերերի վրա, փոխանցում է Lenta-ն: 

DanaBot-ն առաջին անգամ հայտնաբերել են 2018 թվականի սկզբին: Հետազոտողների խոսքով՝ Delphi լեզվով գրած վիրուսը սկզբում հարձակումների համար օգտագործում էր ավստրալացի օգտատերերին, սակայն մի քանի շաբաթ անց նրա ակտիվությունը գրանցել են Լեհաստանում: Ավելի ուշ DanaBot-ի հետքեր են հայտնաբերվել Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում եւ Ուկրաինայում:

Վնասաբեր ծածկագիրը տարածվում է էլեկտրոնային փոստով սփամ ուղարկելով. հաքերները նամակներ են նմանակում տարբեր բանկային ընկերություններից եւ ծառայություններից: Ուղերձի մեջ վարակված փաստաթղթեր են:

Վնասաբեր ֆայլը բացելուց հետո հաքերները հեռվից համակարգիչը կառավարելու հնարավորություն են ստանում: Մասնավորապես՝ վարակված տարրերի տեղադրումը թույլ է տալիս ստանալ սոցցանցերի, մեսենջերների եւ բանկային հավելվածների գաղտնաբառերը:

Հետազոտողները վստահեցնում են, որ չարագործները մշտապես արդիականացնում են վնասաբեր ծածկագիրը եւ այն թեստավորում են Եվրոպայի երկրներում: DanaBot-ի նոր գործառույթների թվում է Tor բրաուզերը տեղադրելու հնարավորությունը, որի շնորհիվ հաքերները կարող են զոհի հետ կապի քողարկված ուղի ստեղծել եւ փրոքսի տեղադրել կայքերին հասանելիության համար: