ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց իր պաշտոնից: Այս մասին նա հայտարարեց ուղիղ եթերում։

Փաշինյանը հրաժարականի մասին վերջնական որոշում կայացրեց այն բանից հետո, երբ խորհրդարանական ուժերը նրան հավաստիացրին, որ կառավարության ղեկավարի թեկնածու առաջադրելու մտադրություն չունեն, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ այդ առնչությամբ անգամ հուշագիր ստորագրվեց։

Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, վարչապետի հրաժարականից հետո Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ին: