Ուժային կառույցները միշտ էլ «արտակարգ ռեժիմով» են աշխատում։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱԱԾ–ն արտակարգ ռեժիմո՞վ է աշխատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո։

«Մենք  մեր պարտականությունները կատարում ենք օրենքի շրջանակում, եւ կատարելու ենք շատ բարեխիղճ եւ շատ լավ»,–նշեց նա։

Հարցին՝ հակահեղափոխության կամ սաբոտաժի վտանգ ԱԱԾ–ն տեսնո՞ւմ է, Վանեցյանը պատասխանեց. «Վտանգները միշտ կան, մենք միշտ այն տեսակետին ենք, որ պետք չէ թուլանալ, եւ մենք պարտավոր ենք իրականացնել բոլոր միջոցառումները, որ ՀՀ տարածում բացառենք ցանկացած օրինախախտում»։

Նա հավաստիացրեց, որ իրենք տիրապետում են իրավիճակին, եւ թույլ չեն տա, որ հանկարծ որեւէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը սպասվում է այսօր՝ հոկտեմբերի 16-ի երեկոյան: