Բոնուսային համակարգը, որը ենթադրում է ընդդիմությանը հատկացնել ԱԺ տեղերի 1/3-ը, որոշակի առումով անտրամաբանական է, թեեւ որոշակի փաստարկներ կան դրա օգտին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Եթե նույնիսկ եթե ինչ-որ փուլում պետք է անդրադառնանք դրան եւ վերացնենք այդ համակարգը, վստահաբար, այսօր այդ օրը չէ: Բազմաթիվ մեղադրանքներ կարող են հնչել կառավարություն կազմող քաղաքական ուժի հասցեին, որը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ վերացնում է ընդդիմության առնվազն 1/3 ներկայություն ունենալու դրույթը»,-հայտարարեց նա:

Իր հերթին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ Սահմանադրությամբ նախատեսված կայուն խորհրդարանական մեծամասնություն ունենալու դրույթին: Նշենք, որ նախատեսվում է, որ ԱԺ ընտրություններից հետո պետք է ձեւավորվի կայուն խորհրդարանական մեծամասնություն, որը սահմանված է 54 տոկոս.

«Եթե ԱԺ ընտրություններից հետո կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, անցկացվում են նոր ընտրություններ: Սակայն Սահմանադրության մեջ կա բաց, որովհետեւ կայուն խորհրդարանական մեծամասնությունը կարող է դադարել գոյություն ունենալ ԱԺ գոյության 5-ամյա ժամանակահատվածում: Այդ դեպքում՝ պետք է նախատեսել իրավունքի ուժով ԱԺ լուծարման ընթացակարգ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան հրաժարական կտա, իսկ դեկտեմբերի 9-10-ին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: