ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական, բարգավաճող եւ անվտանգ Հայաստանին: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթը:

«Մենք գիտենք, որ նոր ընտրություններ են հնարավոր, մենք կոչ ենք անում անցկացնել բոլորի մասնակցությամբ ազատ եւ արդար ընտրություններ: Սպասվում է, որ հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հաջորդ ռաունդը տեղի կունենա փետրվարին Վաշինգթոնում: Սա հոյակապ առիթ կլինի քննարկելու, թե ինչպես խորացնենք հարաբերությունները»,- հայտարարեց Ջորջ Քենթը:

Նա շեշտեց, որ ամերիկյան ընկերությունները պատրաստ կլինեն Հայաստանում ներդրումներ կատարել բարենպաստ ներդրումային կլիմայի առկայության դեպքում, եւ ինքն այս հարցը քննարկել է նաեւ Հայաստանում բիզնես առաջնորդների հետ իր հանդիպումների ժամանակ: «Հայաստանը բախվում է տնտեսության ստեղծման խնդիրների, որը աշխատատեղեր կտամադրի: Կարեւոր է, որ հայերը լավ աշխատանք ունենան եւ արտասահմանում վաստակի ուղիներ չփնտրեն»,- հավելեց նա:

Նա նաեւ խոստացավ ԱՄՆ աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում: «Ամերիկացի գործընկերները կաշխատեն հայերի հետ այն ոլորտներում, որտեղ նրանք ցանկանում են մեզ հետ աշխատել»,- եզրափակեց նա: