ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի  Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել բժշկական կենտրոնում հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի սեպտեմբերի 27-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող երիտասարդի մորից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել առ այն, որ իր տղան՝ Ս.Դավթյանը, 3 օր է՝ բժիշկների պատճառով կոմայի մեջ է:

Oպերատիվ խմբին Ս.Դավթյանի քույրը հայտնել է, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին իր եղբայրը ողնաշարի սուր ցավերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ եւ ընդունվել ստացիոնար բուժման, սակայն վերակենդանացման բաժանմունքի բժիշկների սխալ բուժման հետեւանքով սեպտեմբերի 25-ից գտնվում է կոմայի մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2018 թվականի Հոկտեմբերի 10-ին քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին եւ նույն օրն ընդունվել վարույթ:

Հոկտեմբերի 11-ին Ս.Դավթյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է: Նույն օրը նա ճանաչվել է տուժող:

Կատարվում է նախաքննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Բժշկական կենտրոնից առգրավվել է երիտասարդի հիվանդության պատմագիրը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում մահացած տղամարդու հարազատները պնդում են, որ նա մահացել է բժիշկների սխալի պատճառով