ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին ընդունել է Միջազգային խորհրդի մարդու իրավունքների հարցերով միջազգային հասարակության նախագահ Թոմաս Շիրմախերին եւ Բոննի համալսարանի պրոֆեսոր Քրիստին Շիրմախերին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման կարեւորությանը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունը վտանգված է, եւ ինքը տարբեր վեհաժողովներում մշտապես բարձրացնում է քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցը: Այս համատեքստում նա անդրադարձել է Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման խնդրին:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հիմնահարցերին, ԼՂ հակամարտության կարգավորմանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ հիմնական մարտահրավերներն են անվտանգությունը, ԼՂ հիմնահարցի չկարգավորված լինելը, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության՝ ԼՂ հակամարտությունը մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ կրոնական կոնֆլիկտ ներկայացնելու ջանքերը կեղծ են:

«ԼՂ հակամարտությունը չունի կրոնական երանգ: Հայաստանն ունի շատ լավ հարաբերություններ մահմեդական մի շարք երկրների հետ, որտեղ հայ ժողովուրդն ունի բարձր կարգավիճակ, պահպանվում են հայկական հուշարձանները: Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են»,-նշել է խորհրդարանի նախագահի տեղակալը: