Եթե առաջիկայում կառավարությունն իր տնտեսական քաղաքականության ուրվագծային տեսլականը, կամ հարկային փոփոխությունները փաստաթղթի տեսքով հստակ հանրությանը չներկայացնի, տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլեւ ռեգրեսի կգնա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անանյանի խոսքով՝ անընդհատ հեղափոխական իրավիճակը տնտեսությունը հետ է տանում։ Նա այդ թեմայով խոսել է վարչապետի հետ։

«Արտահերթ ընտրությունները ոչ թե վատթարացնում են, այլ որքան շուտ լինեն այդ ընտրությունները, այնքան ավելի հասկանալի կլինի իրավիճակը ներդրողների ու տնտեսվարողների համար: Տնտեսությունը կսկսի շնչել, հիմա տնտեսությունը կանգառի վիճակում է»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Սեպտեմբերի դրությամբ մոտ 26-28 հազար աշխատակցի հայտ է ներկայացվել ՊԵԿ: Արդյո՞ք դրանք նախկինում գործարարների չգրանցած աշխատակիցներն են, այսինքն՝ ստվերում աշխատողները, Անանյանից հետաքրքրվեցին լրագրողները։

«Այդ աշխատանքի ընդունումը պայմանավորված է եղել զարթոնքային իրավիճակի հետ։ Բայց դա չի նշանակում, որ հիմա բոլոր հարցերը կարգավորված են»,– ասաց Անանյանը։

Թե որ գործարարների մոտ են գրանցվել այդ 28 հազար նոր աշխատակիցները, պարոն Անանյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով դա հնարավոր չէ այս պահին ասել։

«Եթե հիշողությանս զոռ տայի ու ասեի, կլիներ ֆանտաստիկայի ժանրից, որովհետեւ մենք ունենք 88 հազար ակտիվ հարկ վճարող, հիմա կդժվարանամ ասել»,– ասաց նա։

Հնարավո՞ր է՝ այդ գործատուներն, ասենք, «Ալեքս հոլդինգն է» կամ «ՍԱՍ գրուպը», հարցին ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Բոլորի մոտ էլ կա որոշակի առաջընթաց: Բայց դա կարող է լինել նաեւ, որ զարթոնք է եղել, տնտեսական աճ է եղել, եւ լրացուցիչ աշխատակիցների կարիք է եղել»: