Երկրագնդում սովն ու թերսնումը արմատախիլ անելու համար քաղաքական կամքի պակաս կա, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ ամեն տարի հոկտեմբերի 16-ին նշվող Պարենի համաշխարհային օրվան նվիրված հատուկ ուղերձում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պարենի համաշխարհային օրվա տոնակատարությունը առաջին պլան է մղում միլիոնավոր մարդկանց կարիքները, տագնապները եւ հույսերը, որոնց չի բավականացնում հանապազօրյա հացը: Ցավոք, ավելի մեծաթիվ են դառնում նրանք, որոնք դասվում են այն մարդկանց ահռելի շարքին, որոնք ուտելու ոչինչ կամ գրեթե ոչինչ չունեն: Մինչդեռ պետք է հակառակը լիներ»,- նշված է պապի ուղերձում, որը ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունում Սուրբ գահի մշտական ներկայացուցիչը ընթերցել է երեքշաբթի Հռոմում գտնվող այս միջազգային  կառույցի կենտրոնակայանում տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ:

Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել այս պահին ստեղծված իրավիճակի բավականին խիստ քննադատությամբ, որում իրական արդյունքներ չեն բերում սովի դեմ պայքարին նվիրված բազմաթիվ միջազգային ծրագրեր ու համաժողովներ եւ հաճախ ավարտվում են միայն պաշտոնական արարողություններով եւ քիչ նշանակություն ունեցող հրապարակումների թողարկմամբ:

«Ինչպես եւ մյուս խոշոր թեմաների դեպքում, որոնք առնչվում են մարդկության շահերին, մենք խնդրի լուծման մեջ հաճախ բախվում ենք ահռելի խոչընդոտների, ճակատագրական պատնեշների, որոնք վճռականության եւ ուշանալու հետեւանք են, քաղաքական գործիչների անբավարար վճռականության, որոնք մեծ մասամբ խորասուզված են ընտրական շահերի մեջ: Իրապես քաղաքական կամքի պակաս կա»,- ասել է պոնտիֆիակը:

Ֆրանցիսկոս պապը նշել է, թե չարժի մոռանալ մարդկության սուր խնդիրների մասին, որոնք աշխարհում սովի դրամայի առջեւ են կանգնած: Նա, մասնավորապես, նշել է «բացառիկ անհավասարությունը, մոլորակի պաշարների վատ բաշխումը, կլիմայական փոփոխությունների հետեւանքները եւ չդադարող արյունահեղ հակամարտությունները, որոնք շատ տարածաշրջաններ են ամայացնում»: Առանց այս խնդիրների լուծման, նրա կարծիքով, շատ դժվար կլինի աշխարհում սովը արմատախիլ անելուն հասնելը: