Այո, ՀՀԿ-ի ներսում կա մոտեցումների տարբերություն ԱԺ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ում մի մասը, այդ թվում ինքը, կարծում են, որ պետք է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ մի մասն էլ պնդում է, որ այս ընտրական փուլը պետք է բաց թողնել եւ պատրաստվել հաջորդ քաղաքական զարգացումներին:

«Կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, որովհետեւ դեռ նշանակված էլ չեն արտահերթ ընտրությունները: Այս փուլում ընթանում են վերլուծական, հետազոտական աշխատանքներ, հանրային կարծիքի ուսումնասիրություններ, մոնիտորինգ: Երբ նշանակվեն ընտրությունները, մենք մեր որոշումը կհրապարակենք:

Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն եւ ասելիք ունի, եւ անելիք ունի ՀՀ քաղաքական կյանքում: ՀՀԿ-ն այն բացառիկ կուսակցություններից է, որ ունի գաղափարական հիմք: Այլ հարց է, թե վերջին տարիներին մեզ որքանով է հաջողվել այդ գաղափարական ակունքները զուլալ պահել»,-հայտարարեց Աշոտյանը:

Հարցին, թե այդ հարցում ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանը, Աշոտյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը այս պահի դրությամբ լսում է կարծիքները, որոնք շատ են, հիմնավորումները՝ տարբեր: Կուսակցության նախագահը խրախուսում է այդ ինտելեկտուալ բանավեճը: Մեզ մոտ որոշումներ կայացնելու համար քննարկումների լայն հարթակ կա: Դժվարանում եմ ասել՝ ինչպիսին կլինի վերջնական որոշումը, բայց այդ որոշումը կկայացվի պատեհ ժամկետներում»:

ՀՀԿ-ական պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի ԱԺ ընտրություններին, որովհետեւ այս իրողությունների մեջ, ունի ներուժը վերափոխվելու, իր փորձը ծառայեցնելու հանրապետությանը. «Չի կարելի 10 տարին մեկ քաղաքական դաշտը սրբել գցել մի կողմ, եւ նոր քաղաքական դաշտ մոդելավորել: Շատ ցավում եմ, որ ժամանակին մենք կորցրեցինք ՀՀՇ-ի օրոք քաղաքական վերնախավի մի զգալի ներուժ: Ես չեմ ուզենա, որ այդ քաղաքական ներուժը մսխելու ճակատագիրը սպառնա որեւէ նախկին իշխանության, այդ թվում ՀՀԿ-ին: