Հայաստանի քաղաքական մշակույթն է պահանջում, որ ցանկացած նախորդ իշխանություն չանհետանա քաղաքական բեմից, որովհետեւ նախորդ իշխանությունը կրում է ինստիտուցիոնալ հիշողություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ՝ արատավորված չլինելով այս կամ այն սկանդալների մեջ, կարող են օգտակար լինել քաղաքական կյանքում:

«Հայաստանը փոքր երկիր է, մեր քաղաքական վերնախավը շատ մեծ չէ, իսկ նոր վերնախավ աճեցնելը, վարձատրելը բավականին թանկ է: ՀՀ շահերը պահանջում են, որ նախորդ իշխանությունները ոչ թե վերանան քաղաքական դաշտից, այլ ունակ լինեն տրանսֆորմացվելու, իրենց տեղը հաստատելու քաղաքական երկնակամարում:

Եթե մենք ամեն անգամ քաղաքական ցիկլերը սկսենք նախկիններին արմատախիլ անելով, մենք երբեք չենք ունենա կայուն քաղաքական համակարգ»,-ընդգծեց Աշոտյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն, որ երկար տարիներ հավաքել է փորձ, գիտելիք, կապեր, պարտավոր է աշխատել ՀՀ քաղաքացիների համար. «Իհարկե, եթե բավարար թվով քաղաքացիներ կքվեարկեն ներկայացված լինելու ՀՀԿ-ի մանդատի համար»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ սա բացառապես իր տեսակետն է: