ՀՀԿ-ի բոլոր հայտարարությունները տեղին են եղել եւ մենք տեր ենք մեր հայտարարություններին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականից հետո թեկնածու չառաջադրելու մասին ՀՀԿ հայտարարությանը:

Նրա խոսքով, վարչապետի արձագանքն եւս ադեկվատ էր եւ լրատվական այս թեման բզբզելը քաղաքակության մեջ հավելյալ արժեք չի ստեղծում:

Նա անդրադարձավ նաեւ իր հայտարարությանը, թե հոկտեմբերի 2-ից հետո ՀՀԿ-ական որոշ պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել, որի հետեւանքով նրանք հայտարարեցին, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը:

«Ես տեսա, թե ինչ ինտենսիվությամբ իշխանական քարոզչամեքենան փորձում էր հերքել հայտարարությունները, որ մեր որոշ պատգամավորների վրա եղել են ճնշումներ: Ի պատիվ վարչապետի պետք է ասեմ, որ նա այնուհանդերձ, յուրահատուկ փաթեթավորմամբ ընդունեց, որ եղել են ճնշումներ, դա վերագրելով ժողովրդի ճնշումներին:

Չի կարելի ամեն ինչ վերագրել ժողովրդին. Սահմանադրական բարեփոխումների պահանջ վերագրել ժողովրդին, դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների պահանջ վերագրել ժողովրդին, ճնշումները վերագրել ժողովրդին: Նման գործելաոճը բոլոր դեպքերում շատ մեծ հեռանկարներ չունի»,-ընդգծեց Աշոտյանը: