Թուրքիան ներկա պահին լրագրող Ջամալ Հաշքաջիի ճակատագրի վերաբերյալ դեռեւս Սաուդյան Արաբիայից որեւէ խոստովանություն չի ստացել։ Այս մասին երեքշաբթի Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ տեղեկացրել է TRT հեռուստաալիքը։

«Մեզ պետք է իմանալ, թե ինչ է կատարվել այդ մարդու հետ։ Առայժմ մենք այդ մասին որեւէ խոստովանություն կամ տեղեկատվություն չենք ստացել»,- ասել է նախարարը։ Այսպես է նա մեկնաբանել CNN-ի այն հաղորդագրությունը, թե իբր Սաուդյան Արաբիան պատրաստվում է լրագրողի մահվան կապակցությամբ խոստովանություն անել։

Չավուշօղլուն հայտնել է, որ հետաքննությունը շարունակվում է, եւ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչություններում անցկացվում են հերթական քննչական գործողությունները։ «Այդ մարդը եկել է հյուպատոսություն՝ ամուսնության համար թղթեր ստանալու։ Դա հարցաքննությունների տեղ չէ։ Հարցաքննություններն անցկացվում են դատարաններում եւ այլ համապատասխան հաստատություններում»,- նշել է Չավուշօղլուն։