Եթե իշխանությունն ուզում է կատարել իր խոստումը եւ բարեփոխել ընտրական օրենսգիրքը, ապա նոր կազմակերպել ընտրություններ, ապա պետք է ընտրությունները հետաձգել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, հնարավոր չէ մի կողմից արագացնել Ընտրական օրենսգրքի նման հապճեպ քննարկումը, եթե չկա քաղաքական լայն ներգրավում, չկան Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական կարծիքները, եթե Ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո առնվազն 6 ամիս ժամանակ չի տրվելու քաղաքական ուժերին հարմարվելու այդ օրենսգրքին, մյուս կողմից այդ ԱԺ-ին համարել այդ փաստաթղթի համահեղինակ:

«Իշխանությունը պետք է որոշում կայացնի. կամ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններ, կամ նոր ընտրական օրենսգիրք: Այս երկու քաղաքական որոշումները ինձ համար միաժամանակ համադրելի չեն զուտ ժողովրդավարական ու քաղաքագիտական տեսակետից:

Նոր ընտրական օրենսգիրքը, որը ենթադրում է ընտրակարգի փոփոխություն, պետք է առնվազն 6 ամիս ժամանակ տա քաղաքական ուժերին: Եթե այդ ժամանակը չի տրվելու, ապա ԸՕ նման հապճեպ բարեփոխումները ես ֆարս կհամարեմ»,-հայտարարեց Աշոտյանը:

Նա խոստովանեց, որ ՀՀԿ-ի կարծիքը կարող է որոշիչ չլինել քվեարկության ժամանակ, որովհետեւ եթե իշխանություններն այս ընթացքում կարողացել են մոբիլիզացնել տարբեր պատգամավորների տարբեր օրակարգերի շուրջ, ապա սահմանադրական օրենքը փոփոխելու համար անհրաժեշտ 63 ձայները կարող են հավաքել նաեւ առանց ՀՀԿ-ի:

Աշոտյանը նշեց, որ եթե կառավարությունն արդեն այսօր անտեսում է իր ծրագրում ներառված մեկ տարվա ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարելու խոստումը, ապա կարելի է ենթադրել, թե ինչպիսի արագությամբ կանտեսվեն տարբեր այլ խոստումներ. «Սա ինձ համար ախտանշան է, որ կառավարությունը չի պատրաստվում իր հիմնական անկյունաքարային խոստումներին տեր լինել, ինչը մտահոգիչ է»,-ասաց նա: