Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչեւային եւ ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: ՀՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը եւ նշելով, որ Բուլղարիան պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցող առաջին եվրոպական երկրներից է, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ոլորտներում, հատկապես` ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ բնագավառներում փորձի փոխանակումը:

Տիկին դեսպանը արտահայտել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը եւ հույս հայտնել, որ դրա արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարների եւ զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի փոխադարձ այցելությունները եւ կարծիքների փոխանակումը երկկողմ ու բազմակողմ համագործակցության եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: