Հայաստանում առաջին անգամ ցմահ դատապարտյալն պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քիչ առաջ կայացված որոշմամբ ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը պայմանական ազատ արձակվեց պատժի հետագա կրումից»,-գրել է նա:

Նշենք, որ Կարեն Օգանեսյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 1996-ին, ԱՄՆ-ում երկու անձի սպանության համար. նա Միացյալ Նահանգներում լսել է հայերենով օգնություն կանչող, բղավող ձայն, մոտեցել, տեսել է, որ երկու մեքսիկացի բռնաբարում են հայ աղջկա, և երկուսին էլ տեղում գնդակահարել է:

ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվելուց հետո այս տարի 23-րդ տարին էր, որ նա անազատության մեջ էր։ Հայաստանյան օրենսդրության համաձայն, 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական ազատ արձակվել: