Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սահակյանի հաստատած՝ Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Բերձոր քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Ստեփան Սարգսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախագահը շնորհակալություն է հայտնել Սուրեն Խաչատրյանին՝ երկարամյա գործունեության համար:

Այցի շրջանակներում երկրի ղեկավարը եղել է Բերձորի շրջանային հիվանդանոցում, զրուցել բուժանձնակազմի հետ եւ ծանոթացել նոր մասնաշենքի շինարարության  ընթացքին:

Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է նաեւ Հագարի գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահը կարեւորել է ռազմավարական այս ծրագրի պատշաճ մակարդակով իրականացումը՝ այն համարելով երկրի էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրամաս: