ՀՀԿ-ից արտահոսք եղել է այս ընթացքում, իսկ ՀՀԿ խմբակցությունից վերջին իրադարձություններից հետո դուրս գալու միայն մեկ դիմում է եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ միայն տաճատ Վարդապետյանն էր հայտարարել, որ դուրս է գալու խմբակցությունից:

«Կուսակցությանը հաջողվել է պահել հիմնական քաղաքական թեւը, հաջողվել է պահել նորմալ գործունեությունը: Մնացողներ լինելու են, մնացողներից մեկը լինելու եմ ես եւ իմ ընկերները, որոնք հավատում են ՀՀԿ-ի գաղափարախոսությանը, որոնք փորձի արդյունքում ձեռք են բերել կառավարչական հմտություններ, գիտելիքներ կապեր, որոնք պետք է վերադարձնեն պետությանը աշխատանքով: Իսկ այդ աշխատանքը նվաճելու համար պետք է նորին նվաճել հազարավոր մարդկանց սրտերը եւ հայտնվել խորհրդարանում»,-հայտարարեց Աշոտյանը:

Հարցին, թե այս պահին քանի մարդ կա ՀՀԿ խմբակցությունում, Աշոտյանը խուսափեց պատասխանից՝ նշելով. «Դուք եք սիրում հաշվել, նայած մեթոդաբանությունից»: