Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ ինքը Ամուլսար նախագծում Lydian կառավարող ընկերության կողմից կոռուպցիայի բացարձակապես ոչ մի ապացույց չի տեսել:

«Ինձ հայտնի չէ, որ նրանք բնապահպանական նորմերը խախտել են»,- ասել է դեսպանը EVN Report ամսագրի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ տագնապահարույց է այն փաստը, որ ընկերությունն առայժմ անգամ անմիջապես արդյունահանումը չի սկսել:

Դիվանագետը նաեւ հավելել է, որ Հայաստանում 27 հանքավայր կա, բայց դրանցից ոչ մեկը փակված չէ:

Դեսպանը նշում է, որ եթե Հայաստանը որոշի, որ չի ցանկանում երկրում արդյունահանում կատարվի, ապա դա իր առանձնաշնորհն է, սակայն լեռնահանքային հատվածը այն քիչ պաշարներից մեկն է, որը երկիրն ունի:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում գործարարները եւ ներդրողները ըմբռնումով կմոտենան, երբ Հայաստանի կառավարությունը նախագիծը վերանայի այն դեպքում, եթե կան ինչ-որ պատճառներ: «Սակայն նման ոչ մի բան չկա, եւ այնպիսի զգացողություն է, որ սա արվում է առանց պատշաճ գործընթացի եւ օրենքի գերակայության, եւ սա մեծ մտահոգություն է հարուցում»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ սա «ներդրումների համար խնդիր կստեղծի»:

Նա նաեւ նշել է, թե տեղյակ է, որ վարչապետն այս խնդրով զբաղվում է: