Վարչապետը հայտարարել է, որ կա բարիկադներ կառուցելու ժամանակը եւ կա բարիկադներ քանդելու ժամանակը. իհարկե, պետք չէր հանրապետությունում բարիկադներ կառուցել, որ հետո քանդելու հիմնավորումը բերել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, այդուհանդերձ, այսօր կառավարության նիստում մարզպետներից մեկի նշանակում ինքը այդ համատեքստում է դիտարկում. «Թեեւ նշանակված անձը ՀՀԿ-ական չի եղել, այդուհանդերձ նախկին իշխանական համակարգի ներկայացուցիչ է եղել ու նրա փորձը կարեւորվել է:

Կարծում եմ՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ գալու են քարերը հավաքելու ժամանակը: Շատ եմ ցանկանում, որ նոր խորհրդարանը՝ անկախ իր կազմից ու անձերից, չդառնա իր քաղաքական հաջողության պատանդը»,-հայտարարեց Աշոտյանը:

Նշենք, որ այսօր կառավարության նիստում Սյունիքի մարզպետ է նշանակվել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: