Գերմանիայում արտանետվող գազի հետ կապված մանիպուլյացիաների համար Volkswagen ընկերությունն իր դուստր ավտոկոնցեռն Audi-ի համար 800 միլիոն եվրո տուգանք կվճարի՝ տեղեկացնում է DW-ն՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

Տեղեկատվության մեջ ասվում է, որ տուգանքի մասին որոշումը կայացվել է վարչական խախտումների գործի հետաքննության արդյունքում։ Այդ գործը վարում է Մյունխենի դատախազությունը։

Նախորդ օրը արտանետվող գազի մակարդակի հետ կապված մանիպուլյացիաների կասկածանքով խուզարկվել են նաեւ Opel-ի գրասենյակները։

Հունիսին Audi-ի ղեկավար Ռուպերտ Շտադլերը կալանավորվել էր դիզելային սկանդալի գործով եւ այժմ գտնվում է նախնական կալանքի տակ։ Մյունխենի դատախազությունը Շտադլերին կասկածում է վնասակար արտանետումների ցուցանիշը նվազեցնող ծրագրով հագեցած դիզելային ավտոմեքենաներ վաճառելու մեջ։ Շտադլերը Volkswagen-ին պատկանող Audi ավտոընկերությունը ղեկավարում է 2007 թվականից։

«Դիզելային սկանդալը» սկսվել է 2015թ․, երբ ԱՄՆ իշխանությունները պարզեցին, որ Volkswagen-ը գիտակցաբար արհեստականորեն նվազեցնում է դիզելային շարժիչներում արտանետվող գազի մեջ վնասակար նյութերի պարունակությունը։ Այդ ժամանակվանից ԳԴՀ-ն եւ ԱՄՆ-ը չարաշահումների լայնամասշտաբ հետաքննություն են իրականացնում։ Ընդ որում, նրանց ուշադրության կենտրոնում ավտոհսկայի Audi եւ Porsche դուստր-ընկերություններն են։