Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի մոտալուտ սկիզբն ազդարարվել է Բոստոնի հայ համայնքին հարգանքի տուրք մատուցելով: Այս մասին հայտնում է yourarlington.com-ը:

ԱՄՆ Նոր Անգլիայում Ուոթերթաունի Մոսեսյան կենտրոնում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել «Անապատի ագռավներ» Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը Մարթա Հյուսկն է:

Սա Մոսեսյան կենտրոնի և ֆիլմի փառատոնի միջև առաջին համագործակցությունն է, որտեղ հպարտությամբ ներկայացվում է մրցանակակիր ֆիլմը` ի նշան Հայոց ցեղասպանության և Հայ համայնքի հանդեպ հարգանքի: Այս միջոցառումով կատարվում է ամենամյա կինոփառատոնի բացումը, որը տեղի կունենա նոյեմբերի 1-4–ին Արլինգթոնի արևելյան մասում գտնվող Կապիտոլ թատրոնում:

«Անապատի ագռավներ» ֆիլմը նկարահանվել է հայազգի Լևոն Պարիյանի հեղինակած գրքի հիման վրա, որտեղ ներկայացված են նրա պապի` Լևոն Յոթնախպարյանի հիշողությունները, թե ինչպես է հուսահատ պայքարել ոչ միայն կենդանի մնալու, այլև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից իր ժողովրդին փրկելու համար:

Պարիյանի աշխատանքները նվիրված են Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Foreign Policy-ի փորձագետները նրան դասել են 2015 թվականի 100 առաջատար համաշխարհային մտածողների շարքում: