Արարատ Միրզոյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մերժել է Դաշնակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների 3 առաջարկն էլ՝ պատճառաբանելով, որ մինչեւ դեկտեմբերյան ընտրությունները հնարավոր չէ իրականացնել այդ փոփոխությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատամյանը:
Նա նշեց, որ հենց այդ պատճառով էլ ՀՅԴ-ն դեմ էր, որ ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին:

ՀՅԴ-ն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ իրենց ավելի քան մեկ տասնյակ առաջարկներից առանձնացրել էր այն 3-ը, որոնց շուրջ մինչ այդ՝ ամռան քննարկումների ժամանակ, համաձայնության էին եկել նաեւ այլ խմբակցությունների՝ այդ թվում«Ելքի» հետ:

Առաջին առաջարկը թեկնածուների ցանկերի բաց լինելու մասին է, որը հնարավորություն է տալիս ընտրել ոչ միայն կուսակցությունը, այլեւ թե այդ կուսակցությունից հատկապես ով պետք է մանդատ ստանա: «Սա աշխարհում ընդունված ամենաժողովրդավարական ձեւն է: Սա չեն կարողանում ընդունել, որովհետեւ դրա համար ժամանակ է պետք»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

«Երկրորդ առաջարկն այն է, որ մանդատների առավելագույն շեմը 2/3-ից իջեցվի 3/5, քանի որ սահմանադրական փոփոխությունները 2/3-ով է հնարավոր անել եւ աշխարհում ընդունված լավագույն պրակտիկան այն է, որ մեկ քաղաքական ուժ հնարավորություն չունենա միայնակ որոշել եւ Սահմանադրություն փոխել: Այդ շեմը պետք է նվազեցվի, որպեսզի առնվազն մեկ այլ քաղաքական ուժի հետ համաձայնությամբ Սահմանդրությունը փոխվի: Չնայած սա որեւէ ձեւով կապված չէ դեկտեմբերի հետ, բայց այս առաջարկն էլ ընդունելի չեղավ, երեւի նպատակահարմարության խնդիր է»,- ասաց Ռուստամյանը:

3-րդ կետով Դաշնակցությունն առաջարկում է արձանագրել ոչ միայն ընտրական կեղծիքները, այլեւ դրանց ծավալը: Այդ ծավալը հնարավորություն կտա փաստարկված, դատարանի միջոցով վիճարկել ընտրությունների արդյունքները: Այս առաջարկին նույնպես Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը վերապահումով է մոտեցել ժամկետի հետ կապված: 

«Ցանկացած առաջընթաց քայլ մենք ողջունել ենք, նախորդ Ընտրական օրենսգրքում մեզ համար ռեյտինգային ընտրակարգը անընդունելի էր, բայց քանի որ կար համախոհության մթնոլորտ, դա չխափանելու համար, վերապահումով քվեարկեցինք: Հիմա մենք, իհարկե, մեր տեսակետը կներկայացնենք, քանի որ ես հիմնավոր չեմ համարում, որ համաձայնեցված փոփոխությունները հնարավոր չէ իրականացնել մինչեւ դեկտեմբեր»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
Նախագծում կան նաեւ փոփոխություններ, որոնք Դաշնակցության համար ընդունելի են, օրինակ, ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը, ԱԺ մտնելու շեմի իջեցումը, գրավի չափի նվազեցումը եւ այլն: ՀՅԴ-ն հակված է ընտրությունների գնալ թեկուզ թերի, բայց նոր Ընտրական օրենսգրքով, քանի որ հինը միանշանակ անընդունելի է:

ՀՅԴ խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասաց, որ, իր տպավորությամբ, դաշնակցական պատգամավորները հիմնական կոնցեպտուալ հարցերում համաձայն են փոփոխություններին, բայց կան որոշ դրույթներ, որոնց հետ սկզբունքային հակասություն ունեն եւ իրենց դիրքորոշումը կհայտնեն քվերակությամբ:

Նշենք, որ հաջորդ երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթեցմամբ քվերակելու է Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը:
Մինչ այդ, ՀՅԴ-ի հետ հանդիպումից առաջ, Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկել է նաեւ ԱԺ ՀՀԿ եւ «Ծառուկյան» խմբակցությունների հետ: