ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյուղատնտեսության նախարարությունում ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին: Վարչապետի պաշտոնակատարին ու նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին նախարարությունում ընդունեց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: 

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի արդյունաբերությունը հիմա հասել է մի եզրի, որ կա վտանգ, որ մեր գյուղատնտեսությունը չի կարող ապահովել այն հումքը, որն անհրաժեշտ է արտադրության ծավալի համար. «Կրկին պետք է անդրադառնանք նրան, որ աղքատության խրախուսումից պետք է անցնել արտադրության խրախուսման: Օրինակ՝ Արարատի մարզում մեզ ասում էին, որ իրենք պատրաստ են եղել եւ պատրաստ են անսահմանափակ քանակությամբ մթերել օրինակ՝ ազնվամորի եւ այլն, եւ կան մարդիկ, որոնք գործընկերային հարաբերություններ են հաստատել գործարանների հետ եւ տարիներ շարունակ աշխատում են այդ գործարանների հետ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, եթե մարդիկ տարիներով համագործակցում են, ուրեմն  գործունեության այդ տեսակը շահութաբեր է: «Կա աշխատելու շատ մեծ հնարավորություն, որը չի օգտագործվում, այո, երկրում կան բազմաթիվ սոցիալ-տնտեսական պրոբլեմներ, սակայն պետք է  դուրս գալ այն մտածելակերպից, որ կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները, այո, պետք է լուծի, սակայն դրանք չեն լուծվի, եթե չկա կառավարություն-հասարակություն կապը»: