ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գաղտնազերծել է մարդաբան Հենրի Ֆիլդի 1943 թվականի զեկույցը, որից հետեւում է, որ նացիստական Գերմանիայի առաջնորդը սադոմազոխիստական հակումներ է ունեցել, ինչպես նաեւ սեքսուալ ձգտում է ունեցել ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց նկատմամբ: Զեկույցը հրապարակվել է ԿՀՎ կայքում, փոխանցում է Gazeta-ն: 

70-էջանոց զեկույցը հիմնված է Էռնսթ Սեջվիկ Գանֆշթենգելի՝ անցած դարի 20-30-ական թվականներին Հիտլերի մտերիմ ընկերոջ ուսումնասիրության վրա, որը տարագրվել էր ԱՄՆ:

Զեկույցը կազմողները պնդում են, որ Հիտլերը «սադոմազոխիստական հակումներ» է ունեցել, որոնք երիտասարդ տարիներին համակցվել են նույնասեռական հրապուրանքներով: Նշվում է, որ Հիտլերը նույնասեռական ձգտում է ունեցել իր ապագա տեղակալ Ռուդոլֆ Հեսի նկատմամբ, երբ 20-ական թվականներին միասին բանտում էին: Զեկույցում պնդում կա, որ Հեսը նույնասեռական էր, ինչպես նաեւ կրում էր «Ֆրոյլան Աննա» մականունը՝ կանացի հանդերձանքի հանդեպ սիրո պատճառով:

Զեկույցում նշվում է, որ Հիտլերը սիրում էր հետեւել պատանիներին, ինչից «գեղագիտական հաճույք» էր ստանում: Զեկույցը կազմողները նշում են, որ նա 1910-1913 թվականներին ապրել է Վիեննայի արական գիշերօթիկում, որը մի վայրի վարկանիշ ուներ, որտեղ «տարեց տղամարդիկ երիտասարդների էին որոնում»: Սակայն շեշտվում է, որ նրան նաեւ կանայք են հետաքրքրել, եւ նա իր ամբողջ կյանքի ընթացքում համադրել է երկակի սեքսուալությունը: