Հայաստանի սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու հետ կապված որոշ մանրամասներ են պարզվել:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տեղեկություններով՝ սահմանախախտը ազգությամբ քուրդ է եւ պետական սահմանը հատել է Թուրքիայի իրավապահ մարմինների հետապնդումներից թաքնվելու նպատակով՝ կապված նրա կողմից կատարված ծանր հանցագործությունների հետ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 15-ին ծառայության ժամանակ Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահ վերակարգը պետական սահմանը հատող անհայտ մարդու է նկատել: Սահմանախախտը ուշադիր զննում էր տեղանքը եւ աշխատում աննկատ առաջ շարժվել՝ օգտագործելով տեղանքի անհարթությունները: Որոշ ժամանակ անց, նրա շարժման ենթադրվող երթուղու վրա սահմանապահները դարանակալել են:

Սահմանապահ ջոկատի զինծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ սահմանախախտին օպերատիվորեն ձերբակալել են: Օրենսդրությամբ սահմանված կարգով նրան հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին: