Ես նախորդ օրն ասացի, որ մենք նոր փուլ ենք մտնում, կա բարիկադներ կառուցելու ժամանակը եւ կա բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը. հիմա մտել ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը եւ այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, քաղաքական ուղերձի խնդիրն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը:

Դիտարկմանը, որ նախօրեին սյունեցիները փակել էին ճանապարհը եւ իրենց բողոքն էին արտահայտում այդ նշանակման դեմ, Փաշինյանը ժպտալով արձագանքեց. «Սյունեցիները չէին փակել ճանապարհը, այլ մեր կուսակցության անդամները»:

Լրագրողները հիշեցրին, որ Հունան Պողոսյանը ժամանակին խաղա ցուցարարների էր ցրում, նաեւ բռնություն գործադրում, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների եւ ձերոնքականների չենք բաժանում: Հայաստանում անթերի մարդիկ չկան, ես չեմ հիշում որեւէ նշանակում, որ որեւէ բացասական արձագանք չունենա: Մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուսը բոյով է, մյուսը այնքան էլ բոյով չի: Այսինքն անթերի մարդիկ չկան եւ անթերի նշանակումներ չեն լինելու: Մենք պետք է հստակ ուղերձներ հղենք, որ պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը:

Խոսվում է այն մասին, որ այս պաշտոնյան սա է արել, այն պաշտոնյան նա է արել: Ով ինչ արել է, յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան կտա: Կապ չունի՝ պաշտոնյա է, թե ոչ: Անցել են ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում էր արտոնություն օրենքի առջեւ ունեցած հավասարության իմաստով»:

Նա ընդգծեց, որ Ֆելիքս Ցոլակյանին ԱԻՆ նախարարի պաշտոնում նշանակելու դեպքում էլ բացասական արձագանքներ եղան:

Հարցին, թե բարիկադներ քանդելու ճանապարհին էլ որ նախկին պաշտոնյաներին կարող ենք տեսնել ապագա կառավարությունում, Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ, ում տեսնենք, դա գաղտնիք չի լինի: Տեսականորեն հնարավոր է լինեն նաեւ ՀՀԿ-ից: Մարդուն չենք ասելու՝ եթե դու ՀՀԿ-ի անդամ ես կամ եղել ես... կներեք, ՀՀԿ անդամներ մեր իշխանության կազմում մինչեւ հիմա չեն եղե՞լ: Ես մարդկանց եմ նշանակել, փոխնախարարներ են եղել, որոնք ՀՀԿ անդամ են»:

Իսկ ո՞րն է այն գիծը, որը չեք անցնի պաշտոններում նշանակումներ կատարելիս, ասենք Վլադիմիր Գասպարյանը հնարավո՞ր է պաշտոն ստանա, հարցին էլ արձագանքեց. «Ոչ հնարավոր չի, գիտեք, այդ պաշտոնները կոչվում են հայեցողական պաշտոններ: Այդ գիծը մեր հայեցողությունն է, կառավարության հայեցողությունն է: Եթե վարչապետի կողմից նշանակվող անձ է, վարչապետի հայեցողությունն է եւ վարչապետը պետք է կրի իր հայեցողության քաղաքական պատասխանատվությունը»: