Համաներման մասին նախագիծը ներկայացնելուց առաջ պետք է արդարադատության նախարարությունը քննարկումներ կազմակերպեր շահագրգիռ կողմերի հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

«Այն երկրներում, որտեղ հստակ գործում է դատական համակարգը, համաներում չկա, իրավական պետություններում նման բան չկա։ Այնտեղ գործում է վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտը։ Հայաստանում անհրաժեշտություն է այսօր համաներում կիրառելը, եթե հավատանք, որ նոր Հայաստան է ձեւավորվում, եւ իրավական պետություն է ստեղծվում, ուրեմն սա կլինի վերջին համաներումը։ Արդարադատության նախարարությունը պետք է քննարկումներ կազմակերպեր, թեկուզ եւ փակ»,– ասաց նա։

Ավետիք Իշխանյանի կարծիքով, համաներումը պետք է տարածվի նաեւ ցմահ ազատազրկվածների մի քանի կատեգորիաների վրա. «Մասնավորապես, այն ցմահ ազատարկվածների, որոնց վերաբերյալ մինչեւ 2003թ.–ը մահվան դատապարտելու դատավճիռ էր կայացվել։ Ինչպես նաեւ պետք է տարածվի նրանց վրա, որոնք ցմահ ազատազրկվել են մինչեւ 21 տարեկանը»։

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը նույնպես կարծում է, որ համաներում հայտարարելուց առաջ պետք էր քննարկումներ հրավիրել։