Ռուսական ռուբլին կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միությունում բիզնես գործարքների հիմնական վճարային միավորը: Նման կարծիք է հայտնել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը՝ ելույթ ունենալով Պլեխանովի անվան համալսարանում անցկացվող «Արդիական երկխոսություն» համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բոլոր հիմքերն ունենք ռուբլին [ԵՏՄ-ում] վճարային միավոր դարձնելու համար: Ես Եվրասիական զարգացման բանկի նախագահն եմ, եւ Ռուսաստանում նման 4 զարգացման բանկ կա: Ուղղակի շատերն այս մասին մոռացել են: Սա եզակի գործիքակազմ է, որը պետք է ակտիվորեն օգտագործել այս պղտոր ժամանակներում»,- ասել է Բելյանինովը:

Նա հավելել է, որ զարգացման բանկերի առանձնահատկությունն այն է, որ դրանք չեն ենթարկվում հիմնադիր անդամների կենտրոնական բանկերին, չեն ստեղծում պարտադիր պահուստներ եւ հարկեր չեն վճարում:

Բանկի ղեկավարի կարծիքով՝ Ռուսաստանը միանգամայն կարող է իր հիմնական առեւտրային գործընկերներին ռուբլին առաջարկել որպես հիմնական վճարային միավոր: «Ովքեր են մեզանից գնումներ կատարում՝ նախկին Խորհրդային Միության երկրները, որոնք շրջապատում են մեզ: Ահա հենց այստեղ էլ հարց է ծագում՝ ինչով վճարել: Մենք ինքներս ենք մեզ այնպիսի վիճակում դրել, որ մեզ մոտ ամեն ինչ դոլարով է: Ինձ թվում են, հարգելի պարոնայք, մենք պետք է ասենք, որ ռուբլին կայացել է որպես վճարման միավոր, եկեք մեզ մոտ, եւ մենք կապահովենք ժամանակին կատարվող վճարումներ եւ լավ որակ»,- ասել է Բելյանինովը: