Երեկ՝ հոկտեմբերի 16–ին դատարանը բավարարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի պաշտպանի միջնորդությունը և  5 միլիոն դրամ գրավի դիմաց  կալանքից ազատ արձակել Աբրահամյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Հենրիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու համար։

Մեղադրանքի համաձայն՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն, ատրճանակ և փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ: