Չորեքշաբթի Անկարայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որն աշխատանքային այցով երկիր է ժամանել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի առաջնորդի մամուլի ծառայությունից:

«Թուրքիա այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել է Էսենբողա (Անկարա) օդանավակայանում: Բանակցությունները տեւել են 40 րոպե»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Պոմպեոյի հետ Էրդողանի հանդիպումը տեղի է ունեցել օդանավակայանում, քանի որ բանակցություններից անմիջապես հետո թուրք առաջնորդը այցով Մոլդովա է մեկնում:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Անկարայում Պոմպեոյի բանակցությունների ժամանակ քննարկվելու է Սիրիայի հարցը: Երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Պոմպեոյի հետ բանակցությունների թեմաներից մեկն է լինելու սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործը:

Պետքարտուղարության հաղորդմամբ՝ Պոմպեոն նաեւ Թուրքիային կառաջարկի օգնություն անհետացած լրագրողի քննության գործում եւ «կողջունի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին ազատելու թուրքական իշխանությունների որոշումը»: Կողմերը նաեւ կքննարկեն 2 երկրների համար նշանակություն ունեցող այլ հարցեր: