Ինձ շատ դժվար է մեղադրեն անսկզբունքայնության մեջ հիմնավոր կերպով, իսկ անհիմն շատ բան կարելի է անել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների կողմից իր հասցեին հնչող քննադատությանը, որ ինքը ժամանակին խիստ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին իսկ օրեր առաջ հայտարարեց, որ միշտ կլինի նրա կողքին:

«Այստեղ սկզբունքայինությունից շեղման ընդհանրապես պատճառ չկա մի քանի պատճառներով: Ընդհանրապես, ցանկացած մարդ, որը պետական ծառայության հետ որեւէ առնչություն երբեւէ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստը եւ երաշխիքը հենց ծառայությունն է պետությանը եւ հայրենիքին: Երկրորդ, ես երբեւէ եւ որեւէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել եւ չեմ շեղվելու: Եթե որեւէ մեկը դա  կարող է դիտարկել շեղում, ես մեծ հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները»,-հայտարարեց Կոստանյանը:

Հիշեցմանը, որ մայիսի 8-ին ԱԺ նիստում իր ելույթում խիստ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, նշում, որ չի կարելի նրան վստահել պետության ղեկը, իսկ հետո բոլորովին այլ հայտարարություն է արել, Գեւորգ Կոստանյանն ասաց. «Բացարձակ հակասություն չկա: Ես անկեղծ ասած, զարմանում եմ, որ այդտեղ հակասություն են փնտրում: Ես ասել եմ երկու բան, առաջին, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է, ես իրեն հարգում եմ: Իսկ մայիսի 8-ին ասել եմ, որ որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանին չի տեսել պետական կառավարման պրոցեսում, որովհետեւ նրա ողջ կենսագրությունը եղել է լրագրողական, հանրային եւ խորհրդարանական: Մինչ այդ նա պետական պաշտոն չէր զբաղեցրել: Իսկ դա նշանակում է պետական կառավարման հմտությունների բացակայություն:

Այս ամիսների ընթացքում ես տեսա եւ համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները եւ ցանկությունները ազնիվ են եւ ուղղված են պետության բարօրությանը: Ցանկացած մարդ, որ երկրի բարօրության հարցում նախանձախնդիր է, պետք է օգնի, որ այդ նպատակներն իրագործվեն: Այստեղ հակասություն չկա»:

Հարցին, եթե Փաշինյանը պետական կառավարման փորձ չուներ, ինչո՞ւ չէիք սպասում, տեսնեինք ինչպես է աշխատում, նոր հայտարարություն անեիք, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Արդյոք 5 ամիսը բավարար չէ համոզվելու համար նպատակների ազնվության հարցում»: