Վրաստանի դատախազությունը բացահայտել է Բադրի Պատարկացիշվիլիի սպանության փաստը: Այս մասին հայտարարել են Վրաստանի դատախազությունից, հայտնում է «Գրուզիա-On-line»-ը:

Դատախազությունից հայտնել են, որ ծառայողական իրավասությունների գերազանցման եւ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության նախապատրաստման փաստով ձերբակալվել է  Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) Թբիլիսիի գլխավոր վարչության երկրորդ վարչության առաջին ծառայության նախկին ղեկավար Գ. Մ.-ն, իսկ երկրորդ գլխավոր վարչության ղեկավարի նախկին տեղակալ Լ. Կ.-ին եւ նույն վարչության երկրորդ ծառայության ղեկավար Ռ. Շ-ին մեղադրանքներ են առաջադրվել:

Դատախազությունից հայտնել են, որ մեղադրյալներից մեկի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ձայնագրման սարք, որը պատկանում է ներքին գործերի նախարարությանը: Փորձաքննությամբ հաստատվել է, որ 2007 թվականի փետրվարի 4-ի եւ 5-ի երկու ձայնագրությունները վերաբերել են  կոնկրետ անձի վերացման նախապատրաստման հարցին:

«Մասնավորապես՝ 2007-ի փետրվարի 4-ի ձայնագրության մեջ ՍԱԴ բարձրաստիճան պաշտոնյա Գ. Դ.-ն խոսում է Բադրի Պատարկացիշվիլիի թիկնազորի անդամի հետ եւ փորձում նրան իր կողմը գրավել: Զրույցում Գ. Դ.-ն հաստատում է, որ սպանության նախապատրաստման հարցը թույլ է տվել այդ ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, քանի որ Բադրի Պատարկացիշվիլին նրանց քաղաքական ընդդիմախոսն էր եւ իշխանությունների կատաղի թշնամին: Ձայնագրության համաձայն՝ հաստատվում է նաեւ, որ չեզոքացումը պետք է իրկանացներ ՍԱԴ-ն:

Ինչ վերաբերում է երկրորդ ձայնագրությանը, որը թվագրված է 2007 թվականի փետրվարի 5-ով, ապա դրանում ձայնագրված է նիստը, որի ժամանակ ՍԱԴ բարձրաստիճան պաշտոնյա Գ. Դ.-ն, նրա ենթակայության տակ գտնվող ՍԱԴ աշխատակիցները եւ մեղադրյալներ Լ. Կ-ն, Ռ. Շ.-ն եւ Գ. Մ.-ն, պատրաստել են Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը՝ նրան քաղաքական տարածությունից վերացնելու համար: Խոսակցության համաձայն՝ նրանք քննարկել են Պատրակացիշվիլիին վերացնելու համար համապատասխան պայմաններ ստեղծելու հարցը, այդ թվում՝ թիկնազորի աշխատակիցների ցանկը ստանալու եւ անձնակազմի մասին տեղեկություններ հավաքելու հնարավորությունը: Քննարկել են նաեւ սպանության տարբեր եղանակները, մասնավորապես՝ նրան այնպիսի նյութով թունավորելը, որը բնական մահ է առաջացնում: Ըստ այս զրույցների՝ հաստատվում է, որ բոլոր հարցերը, այդ թվում՝  Բադրի Պատարկացիշվիլիին վերացնելու  համապատասխան մեթոդները համաձայնեցվում էին այդ ժամանակ ՍԱԴ ղեկավար Դաթո Ախալայայի հետ»,- հայտարարել են դատախազությունից: