Կերչում պայթյուն է տեղի ունեցել պոլիտեխնիկական քոլեջում, ենթադրաբար՝ պայթել է գազի բալոնը: Ականատեսներին վկայակոչելով՝ այս մասին հայտնում է «Կերչ Ինֆոն», ինչպես նաեւ «ՂրիմԻնֆորմ» գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական աղետների կենտրոնին:

Զոհվածների եւ տուժածների մասին տվյալները տարբեր են: «ՂրիմԻնֆորմի» տեկեկություններով՝ զոհվել է առնվազն 10 մարդ, եւս 50-ը մարմնական վնասվածքներ է ստացել:

«Նախնական տեղեկություններով՝ հաստատություններից մեկում պայթյուն եւ մի քանի ճայթյուն է տեղի ունեցել: Զոհվածների ճշգրիտ թիվը պարզվում է, մեծ թվով տուժածներ կան»,- ասել է «Ինտերֆաքսի» աղբյուրը:

Այն, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 10 մարդ, հայտնել է նաեւ ՏԱՍՍ-ի օպերատիվ ծառայություններում աղբյուրը: Վկայակոչելով բժիշկներին՝ ՏԱՍՍ-ը նաեւ հայտնում է, որ տեղական հիվանդանոցի ընդունարան են դիմել 18 տուժածներ: