ԲՀԿ կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ծառուկյանը քննարկել են այն հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում առաջադրի իր թեկնածությունը չընտրվելու կանխավարկածով։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում։   

Զոհրաբյանը, սակայն, հավաստիացրեց՝ հավատարիմ են իրենց քաղաքական պայմանավորվածությանը, եւ ենթադրեց, որ 2 շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կցրվի. «Մենք հավատարիմ ենք մեր քաղաքական պայմանավորվածությանը, 2 շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կգնա ինքնալուծարման։ «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու չի առաջադրելու եւ  2 շաբաթ հետո մենք կմտնենք արտահերթ ընտրությունների ժամանակացույցի մեջ»։

Հարցին, լինելով օլիգարխ՝ ԲՀԿ ցուցակը կրկին գլխավորելո՞ւ է Գագիկ Ծառուկյանը, Զոհրաբյանը հակադարձեց. «Ո՛չ, Գագիկ  Ծառուկյանը օլիգարխ չէ։ Օլիգարխը այն մարդն է, ով պետական լծակները օգտագործում է սեփական բիզնես իմպերիայի բարեկեցության համար»։