Ես խնդիր չեմ տեսնի, որ նոր ընտրական օրենսգիրքը չընդունվի եւ հին օրենսգրքով գնանք ընտրությունների, քանի որ այլ իրավիճակ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ 

«Եթե որեւէ մեկը փող չի բաժանելու, մեծ հաշվով ռեյթինգային համակարգը, որը ստեղծվել է փող բաժանելու համար, այլեւս չի գործելու այնպես, ինչպես գործել է։ Բայց եթե լինի  համամասնական, այստեղ իմ հիմնական մտահոգությունն այն է, որ մարզերից ներկայացվածության խնդիրն է առաջանալու, այս խնդիրը կուսակցություններն իրենց ներսում պետք է լուծեն, իրենց ցուցակներն այնպես կազմեն, որ մարզերից ներկայացուցիչները լինեն անցողիկ տեղերում»,–ասաց պատգամավորը։

Հարցին՝ «Լույս» դաշինքով են գնալո՞ւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, արդյոք առաջարկ արե՞լ են Նիկոլ Փաշինյանին միասին գնալ ընտրություններին, Մարուքյանն ասաց, որ Փաշինյանին նման առաջարկ չեն արել, իսկ ԱԺ ընտրություններին, ամենայն հավանականությամբ, «Լույս» դաշինքով կգնան. «Ֆորմալ չենք հավաքվել ու որոշել, սակայն տրամաբանությունը հուշում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ստեղծված բրենդը, որը, բնականաբար, շատ լուրջ ռեսուրս է, եւ այն սկզբունքները, որոնք դրվել են դաշինքի հիմքում, գործում են մինչ այսօր, հետեւաբար, այդ նույն ձեւաչափով կմասնակցենք ԱԺ ընտրություններին»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է կարծում պատգամավորը՝  12 օրը բավարա՞ր է ընտրարշավի համար, որին Մարուքյանը պատասխանեց. «Արտահերթ ընտրությունները ենթադրում են արտահերթ պրոցեսներ, օպերատիվ գործողություններ»։