Հայաստանում Beeline-ի եւ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ  StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը։

StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում եւ քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։ Հանդիպման խորագիրն է՝ «Ու՞ր են գնում տեխնոլոգիաները»։ Քննարկման խոսնակներն են. Անդրեյ Պյատախինը՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն, Արեգ Գեւորգյանը՝ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն (ISTC), Դավիթ Բաղդասարյանը՝ 2Hz, Գեորգի Ավանեսովը՝ ՏՏ փորձագետ:

Հանդիպման ընթացքում խոսնակները հյուրերի հետ կիսվել են իրենց կարծիքներով տեխնոլոգիաների ոլորտում սպասվող նորամուծությունների, անվտանգության նոր մարտահրավերների, տեխնոլոգիական նորարարությունների հարցում հայկական ներուժի, տեխնոլոգիական աշխարհում արագ կողմնորոշվելու ու անընդմեջ կրթվելու կարեւորության մասին։

«Ցանկացած բիզնեսի հաջողության համար հարկավոր են մրցակցային առավելություններ։ Ստարտափների դեպքում դրանք հիմնականում տեխնոլոգիական նորարարություններն են։ Այս առումով չափազանց կարեւոր է, որ հայկական ստարտափները կարողանան ընկալել տեխնոլոգիական աշխարհի զարգացման միտումները եւ փորձեն լուծումներ առաջարկել նոր զարգացող ուղղություններում։ Հանդիպման ընթացքում խոսեցինք նաեւ ապագայի տեխնոլոգիաներում հմտացած մասնագետներ ունենալու կարեւորության մասին՝ կարեւորելով դինամիկ եւ արդյունավետ կրթական գործընթացների կազմակերպումը», - նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

«Ապագայի տեխնոլոգիաների մասին այսօր մտածելն արդեն անհրաժեշտություն է, դա ժամանակին համընթաց քայլելու միակ տարբերակն է։ Վստահ եմ, այս եւ նմանատիպ հանդիպումները մեզ բոլորիս թույլ կտան վերանայել մեր պատկերացումներն ու նախագծերն ավելի ակտիվ զարգանալու համար։ Նաեւ հույս ունեմ, որ Հայաստանի ստարտափները հաշվի կառնեն ոլորտի մասնագետների կարծիքները իրենց նախագծերն ավելի գրավիչ եւ հասարակության համար օգտակար դարձնելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

StartHub Armenia ծրագրի ընթացքին հետեւելու եւ առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել www.starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։