Այսօր առավոտից Կոտայքի մարզի Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ համայնքների բնակիչները փակել են Հրազդան-Հանքավան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով վառելափայտի ձեռքբերման համար անտառ մուտք գործելու թույտվություն չունենալու դեմ: NEWS.am-ի հետ զրույցում աղավնաձորցիները նշեցին, որ սոցիալապես ծանր պայմանների հետեւանքով գյուղացին չի կարող գազով կամ այլ եղանակով տաքացնել իր տունը. «Ոչ աշխատանք ունենք, ոչ գումար: Չենք կարողանում վառելափայտ ձեռք բերել մեր երեխաներին, մեր ընտանիքները ձմռանը տաքացնելու համար: Դրա համար մենք այսօր փակել ենք ճանապարհը ի նշան բողոքի: Ուզում ենք, որ կառավարությունը մեր ձայնը լսի, թույլ տա վառելափայտ ձեռք բերենք, կամ այլ տարբերակ առաջարկի»,-ասացին աղավնաձորցիները:

Իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար NEWS.am-ը խոսեց  նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Մարզպետը հայտնեց, որ իր լիազորությունների սահմանում միջնորդել է  Բնապահպանության նախարարին՝ թույլ տալու որոշակի ծավալով կոճղաշիվային էտում՝ տարածաշրջանի ազգաբնակչությանը տրամադրելու նպատակով:

«Նախարարի հանձնարարականով՝ Անտառային պետական կոմիտեի ներկայացուցիչները հնարավորինս սեղմ ժամկետներում կիրականացնեն քարտեզագրում: Ըստ այս նախնական քարտեզագրման տվյալների՝ Կոտայքի ստորաբաժանման աշխատակիցների միջոցով կիրականացվի էտ եւ կտրամադրվի բնակիչներին: Կարծում եմ՝ առկա ռեսուրսները բավարար կլինեն սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների մի ստվար մասի աջակցություն ցուցաբերելու համար»,-հայտնեց մարզպետը:

Նշենք, որ Մեղրաձոր խոշորացված համայնքի գյուղերի բնակիչներն արդեն բացել են ճանապարհը: