Հրազդանի քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի դեմ՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Համայնքապետարանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնեց դատական գործի էությունը. «Նախկին աշխատակից Սամվել Գրիգորյանը, ով 2002-2018թթ  աշխատել է Հրազդանի քաղաքապետարանում, 2018թ-ի հուլիսի 31-ին ազատվել է աշխատանքից: Իր չօգտագործված արձակուրդը կազմել է 217 օր, որի համար Հրազդանի համայնքապետարանի կողմից  իրեն վերջնահաշվարկ է վճարվել 2մլն 853 հազար 333 դրամի չափով: Այդ տարիներին  որպես համայնքի ղեկավար է աշխատել Արամ Դանիելյանը, ով օրենսդրության համաձայն պարտավորություն ուներ ապահովելու աշխատողի  արձակուրդը՝ աշխատողին ուղարկել արձակուրդի եւ վճարել արձակուրդի դիմաց, սակայն չի կատարել իր առջեւ դրված պարտականությունը, ինչի արդյունքում համայնքը վնաս է կրել նշված  գումարի չափով»,-NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արամ Ասլանյանը՝ ավելացնելով, որ տեղյակ չէ սա միա՞կ դեպքն է, թե՞ այլ դեպքեր էլ կան:

Արամ Ասլանյանը հայտնեց, որ քաղաքապետարանը հենց  2 մլն 853 հազ.333 դրամի չափով է պահանջ ներկայացրել:

Դատական գործը քննվելու է դատավոր Արիստակես Սիսակյանի կողմից: Առաջին նիստը նախատեսված է հոկտեմբերի վերջին: Փաստաբանի խոսքով, Դանիելյանը համայնքապետարանի կողմից  նախապես ծանուցվել է հայցադիմումի  մասին, սակայն վերջինիս կողմից առայժմ որեւէ առաջարկ չկա հաշտության համաձայնության վերաբերյալ:

NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր դեմ հարուցված քրեական գործի  հետ կապված մտահոգություններ չունի:

Մտահոգություն չունեմ, սպասենք նախաքննության ավարտին. Հրազդանի նախկին քաղաքապետն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին