Ավարտվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկած մոնիթորինգի առաջին փուլը, որն իրականցվում էր Երեւան քաղաքի վարչական տարածքում:

ՀԾԿՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման հարյուրից ավել դեպքեր, ճշտվել խմելու ջրի նախնական չհաշվառված ծավալներ: Հանձնաժողովում այժմ վերլուծվում եւ ամփոփվում են առաջին փուլի արդյունքները: 

Հոկտեմբերի 15-ից մեկնարկել է մոնիթորինգի երկրորդ փուլը, որը կիրականացվի մինչեւ  հոկտեմբերի 19-ը: Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվում են հանրապետության մարզերում, որին, բացի հանձնաժողովի աշխատակազմից, ինչպես նախկինում, այժմ էլ, մասնակցում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի լիազորված անձինք, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:

Հոկտեմբերի 16-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում մոնիթորինգի մասնակիցներին սեփականատիրոջ կողմից արգելվել է մուտք գործել Էջմիածին քաղաքը սնող ջրատարի վրա կառուցված  «Հայասի» կոնյակի, գինու, հյութերի գործարան: Մոնիթորինգ իրականացնող խումբն, արդեն իրավապահների օգնությամբ,  նշյալ տարածքում կիրականացնի դիտարկում: 

Մարզերում, մինչեւ հոկտեմբերի 19-ը,  շարունակվելու է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման գործընթացի շրջանակներում իրականացվող մոնիթորինգը: