Անկարան ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, եւ միշտ այդպես է եղել՝ սկսած այն ժամանակվանից, երբ Հարավային Կովկասի հանրապետությունը անկախություն ձեռք բերեց։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ եւ արեւելագետ Կարեն Վերանյանը։

Նրա խոսքերով՝ թուրքական կողմը հիմա էլ հետեւում է այն փոփոխություններին, որոնք կատարվում են Հայաստանում։

«Այս տեսակետից, Անկարարն միշտ փորձել է օգտվել հարեւան Հայաստանի իրավիճակից, մանավանդ երբ քաղաքական կյանքում որեւէ լարվածություն է նկատվել, եւ դրանով իսկ որոշակի ճնշում գործադրել Հայաստանի ղեկավարության, ինչպես նաեւ՝ հասարակության վրա՝ ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ տեղեկատվական-հոգեբանական տեսակետից»,- պարզաբանեց Վերանյանը։

Այդ կոնտեքստում Անկարան, ինչպես համարում է փորձագետը, ուզում է հասկանալ՝ որքանով է Հայաստանի նոր կառավարությունը պատրաստ դիմակայել մարտահրավերներին եւ ռիսկերին։ Մյուս կողմից, տվյալ հարցը կարեւոր է Անկարայի համար այն առումով, որ թուրքերը հայ-թուրքական սահմանի հետագա խախտումներ են ուզում։ Որ դրանք, փաստորեն, սովորական երեւույթ դառնան։

Վերանյանի կարծիքով՝ այդպես հեշտ կլինի ազդել երկրի պաշտպանական անվտանգության վրա եւ հնարավորինս խախտել կայունությունը։

Միաժամանակ, նա նշեց, որ Մերձավոր Արեւելքում անկայունությունն ու քաոսը շարունակվում են արդեն 7-8 տարի, եւ բավական պարզ է, որ հակամարտությունը ճգնաժամի հաղթահարման փուլում չէ։

«Իհարկե, կա որոշակի ռիսկ, որ այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում, կարող է արտացոլվել եւ արտացոլվում է այլ տարածաշրջանների վրա, ինչպես, օրինակ, Հարավային Կովկասը։ Կարծում եմ, որ եթե սահմանին նվազի վերահսկման եւ անվտանգության մակարդակը, ապա միշտ հավանականություն կա, որ սահմանի անօրինական հատումները պարբերաբար կդառնան։ Ոչ ոք ապահովագրված չէ նրանից, որ կգա մի օր, երբ սահմանը կարող են հատել արդեն որոշակի ահաբեկչական ուժերը, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլ ազգային նուժերի եւ կառույցների կողմից»,- ընդգծեց թուրքագետը։

Վերանյանը նաեւ վստահություն հայտնեց, որ ռուսական եւ հայկական սահմանապահ ուժերը, չնայած ստեղծված իրավիճակին եւ ռիսկերին, լավ են տիրապետում իրավիճակին եւ նրանք որոշակի միահամուռ պատկերացում ունեն իրական եւ հնարավոր սպառնալիքների մասին, ունեն նաեւ օպերատիվ արձագանքման մեխանիզմներ։

«Շատ կարեւոր է, որ Հայաստանի համագործակցությունը ռուսական սահմանապահ ուժերի հետ, որոնք ծառայում են հայ-թուրքական սահմանին, ամենաբարձր մակարդակով լինի։ Նման հաջողված եւ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն կտա վերացնել այն բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք սպառնում են երկրի պաշտպանական անվտանգությանը»,- ամփոփեց փորձագետը։

Հարկ է նշել, որ այս տարվա հուլիսից սկսած մինչ այժմ հայ-թուրքական սահմանն անօրինական փորձել են հատել ավելի քան 20 օրինախախտներ։ Ընդհանուր առմամբ, տարվա սկզբից սահմանը փորձել է հատել 30 մարդ։