Պետք է ընտրություններին ներկայանանք «Իմ քայլը» դաշինքի տրամաբանությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17–ին, Արմավիրում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Լենա Նազարյանի հայտարարությունը, որ կուսակցությունների հետ դաշինք կազմելու մտադրություն չունեն, բայց կան անհատներ, որոնց հետ կմիանան։

Փաշինյանը, սակայն, նշեց, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ 

«Իմ քայլը» դաշինքի ցուցակում հակառակ ճամբարից անձանց ներգրավելու մաիսն հայտարարությունը Փաշինյանը բացատրեց ոչ կադրերի պակասով. «Կա բարիկադներ կառուցելու եւ բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը։ Չենք ուզում, որ որեւէ մեկը մտածի, որ հեղափոխությունից հետո իր կյանքը ավարտված է, սա չի նշանակում ինդուլգենցիա, պաշտոնյա լինելը որեւէ մեկին պատասխանատվությունից չի ազատում, այդ թվում մեզ»։

Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումներին, Փաշինյանն ասաց, որ իրենց  խնդիրը առավել ժողովրդավարական մեխանիզմներ դնելն է։

Լրագրողի հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ ՀՀԿ–ն առաջադրի Փաշինյանի թեկնածությունը իբրեւ վարչապետ եւ ընտրի՝ խափանելով խորհրդարանի լուծարումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ»։