Մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները մտադիր են այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ այդ մասին լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի։ Զախարովայի խոսքերով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կհստակեցվեն կողմերի դիրքորոշումները եւ կքննարկվեն այն կոնկրետ քայլերը, որոնք կարելի է նախաձեռնել ղարաբաղյան կարգավորումն ակտիվացնելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով վերջերս Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Զախարովան նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանի, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի, դիրքորոշումը մնում է անփոփոխ․ «Ռուսաստանի դիրքորոշումն արտացոլված է 2009-2013թթ․ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունների մեջ»։